Բալենին այս երգում այլ է։ Այն այստեղ ոչ թե լռել է հարսի նման, այլ՝ բռնկվել է գարնան ճերմակ խարույկի պես։ Նա այստեղ քնքշություն չէ միայն, այլ կրակ, շունչ, վառ զգացմունքեր։ Երգում Բալենին ծաղկել է ուժով, մարմնով ու ազատ թևածումով։ Նա դարձել է քույր, երազ։
Էպիզոդի սիրտն այս երգն է՝ այն բոլոր կանանց շնչով, ում ձայնով հնչել է՝ Զառա Տոնիկյան, Էլվինա Մակարյան, և արդեն մեր օրերում՝ նոր զգայունությամբ՝ Իլոնա Սագիևա։ Երգի ժամանակակից երաժշտական վերապատկերումներից է՝ KAMI FRIENDS-ի և Գարիկ Մարտիրոսյանի կատարումը։
Այսօր Իլոնա Սագիևայի և KAMI FRIENDS նախագծի գործիքավորող Արթուր Մնացականյանի հետ մենք երգխոսում ենք՝ ինչպես է այս բալենին ծաղկում ամեն սերնդի հետ, և ինչու է այս երգը դեռ երազանքների լեզվով խոսում։
«Մշո գորանին»․ կարոտ, հող, ջուր, երաշտ և մարդիկ, հեռացող մարդիկ։
Մարդիկ, որոնք գնացել են՝ Մուշից, Ալաշկերտից, բայց երգը մնացել է։ Մնացել է որպես հիշողության ելևեջ, որպես ձայն, որով կանչում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ բան, որ այլևս չկա, բայց հավատում ենք, որ կվերադառնա։
Սա սոսկ հին երգ չէ։ Սա հող է, որի վրայով քայլում են բառերը։ Ամեն տողում մի կորուսյալ գյուղ կա, մի լեռ, մի բերք, մի մարդու պատմություն։
«Մշո գորանի»-ն տարբեր ժամանակներում հնչել է տարբեր կերպ՝ տխրությամբ, որպես ձոն, սեր, աղոթք։ Երգել են դուդուկով, երգել են դաշնամուրով, երգել են ռոքի տեմպով։ Բայց ամեն անգամ՝ ներքին լռությամբ, որով փոխանցվում է մի ճշմարտություն՝ սա մերն է։ Սա այն է, ինչից հրաժարվել չենք կարող։
Այսօր այդ երգին նոր շունչ են տվել տարբեր երաժիշտներ՝ յուրովի, բայց զգալով նույն խորությունը։ «Ոստան Հայոց» խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանի, Մաշա Մնջոյանի և «Առռավիս» խմբի դաշնակահար Ավետը Ղլաղջյանի հետ ԵՐԳխոսելու ենք Մշո Գորանի երգի մասին։
Ծաղկած բալենին պատկեր է, որն ամփոփվում է հուշի, սպասման, հուզմունքի մեջ։Երգում գարունն է՝ իր բոլոր՝ սիրտ տրոփող զգացմունքներով։ Երգում աղջնակ է՝ իր ներքին լռությամբ, թաքուն դողով, հուզմունքով ու սպասմամբ։
Երգը տարիներ շարունակ անցել է սերնդե սերունդ, և ամեն անգամ լսվել է այնպես, կարծես առաջին անգամն է։ Խաչատուր Ավետիսյանի մեղեդային թևերով հյուսված, Լյուդվիգ Դուրյանի մեղմությամբ հնչեցրած երգը չի բղավում սիրո մասին, բայց ապրեցնում է այն։
Հարսի նման լուռ կանգնած ծառի պատկերով սկսվում է պատմությունը։ Մենք քայլում ենք դեպի նրա ստվերը՝ կարծես ներս մտնելով մի աշխարհ, որտեղ խոսքերն աննշան են դառնում, երգը՝ շունչ, սրտի թրթիռ։
Երգչուհի Արփին, որի ձայնը բալենու պես մեղմ է, բայց հզոր արմատներով, և Արթուր Մնացականյանը ՝ KAMI Friends նախագծի գործիքավորողը, որը նորից բացել է այս երգի շունչը՝ փողային գործիքավորման զուսպ փայլով, Երգխոսելու են այս երգի իրենց մշակման և մասին։
Երգը, որ մեզ հայտնի է որպես «Հայաստան իմ չքնաղ», ի սկզբանե գրվել էր՝ «Ղարաբաղ իմ չքնաղ» վերնագրով։ Բայց ստեղծումից անմիջապես հետո՝ Ղարաբաղը փոխարինվեց Հայաստանով։
Խաղաղ, բայց կարոտով. այս երգը ծնվել է մի ժամանակ, երբ բառերը միայն բառեր չէին․ դրանք մշակութային և անձնական համարձակության նշաններ էին։
Երգը նոր անուն ստացավ, բայց երբեք չկորցրեց իր սիրտն ու էությունը։ Այն դարձավ շատերի պատանեկության, սպասումների, ուժի ու կարոտի երգը։
Այս էպիզոդում Երգի կատարողներ Գայանե Հովհաննիսյանի, Ռուսլան Էլյազյանի և Խաչիկ Բեկյանի հետ ԵՐԳխոսում ենք այն ամենի մասին, ինչ փաթեթավորված է այս մեղմ մեղեդու տակ՝ երգի անցած ճանապարհը, փոխված բառերը, բեմական հույզերը և սերունդների տարբեր մեկնաբանությունները։
Երբ բացվում են գարնան կանաչ դռները, երբ աղբյուրները քնարի պես սկսում են երգել իրենց հնագույն մեղեդին, իսկ սերն ու կարոտը խառնվում են լեռների մեղմ շնչին՝ ծնվում է մի երգ, որը հավերժ կմնա մեր սրտերում՝ «Բինգյոլը»։
Այս երգը ծնվել է ոչ միայն կարոտից, այլևլ մեր ազգի ամենախոր ցավից՝ բաժանումից, հեռացումից ու պանդուխտ լինելու զգացումից, որը յուրաքանչյուր հայի սրտում ապրում է։ Բառերը գրել է Ավետիք Իսահակյանը՝ իր բանաստեղծական հանճարով հուզիչ պատկերներ ստեղծելու վարպետը, իսկ մեղեդին պատկանում է աշուղ Շահենին, ում սազի ձայնը մինչ օրս մեր հոգու խորքում է հնչում։
«Բինգյոլ» երգը սրտի պատմություն է սիրո մասին, որը հեռանում է «զուգված ուխտավորների» հետ, թողնելով բանաստեղծին մոլորված, օտար, պանդուխտ։ Նա փնտրում է ճանապարհը դեպի կորցրած սերը, դեպի հայրենի հողը, դեպի իր Բինգյոլը, բայց այդ ճանապարհը՝ ափսոս, այլևս ուղիղ չէ, այլ ցավալի ու անորոշ ուղի դեպի անհայտ։
Երգչուհի Արփիի և «Առավիս» խմբի բաս կատարող Ավետ Վարդանյանի հետ Երգոխսելու ենք «Բինգյոլ» երգի մասին՝ դրա տարբեր երաժշտական մեկնաբանությունների, զգացմունքային երանգների ու խորքային տեքստի շուրջ։
Քանի երգ ենք լսում մեր կյանքի ընթացքում, բայց դրանցից մի քանիսն են այնքան խորն արմատավորվում մեր հոգում, որ տարիներ անց էլ շարունակում են խոսել մեզ հետ, խոսել տարբեր սերունդների հետ նույն երգի տողերով։
«Ախ, սև աչերով աղջիկ»-ը հենց այդպիսի երգերից է՝ բառերի հեղինակ Լյուդվիգ Դուրյան, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյան, իսկ առաջին անգամ հնչել է Գեորգի Մինասյանի կատարմամաբ:
Ի՞նչն է այս երգը դարձնում այդքան կենսունակ։ Ինչպե՞ս է այն ճանապարհորդում սերունդների միջով՝ միշտ մնալով կենդանի։ Ինչպե՞ս են տարբեր ժամանակների կատարողները զգում նույն երգի տարբեր շերտերը։
Այս հարցերի պատասխանները փնտրելու ենք մեր հյուրերի հետ՝ Արթուր Հովհաննիսյանի, ով 90-ականներին նոր կյանք տվեց երգին, և Նեմրա խմբի վոկալիստ Վան Եղիազարյանի, ով այն բերեց մեր օրեր՝ ռոքի ուժով ու ժամանակակից զգայունությամբ։
Երկու սերունդ, երկու տարբեր մոտեցում, մեկ երգ։ Այս Երգխոսությունը Սև աչերի և այդ աչերը կրող աղջկա մասին է։
Հրաշքով հյուսված բանավոր ավանդույթ, երգով պատմված կենցաղ, սեր, խանդ ու հումոր։ Այս էպիզոդը ժողովրդական ամենասիրելի խաղերգերից մեկի՝ Բոբիկ ջուր մի էրայի մասին է, որտեղ բառերը խաղում են զգացմունքների, իսկ մեղեդին՝ հիշողության հետ։
Երգը տարիների ընթացքում ունեցել է մի շարք վերամշակումներ ու նոր դրսևորումներ՝ ռեպի, փանկի, ֆոլկի միջոցով հասնելով մեր օրեր։ Դրանցից է նաև «Հայ Ստուդիոյի» խմբի և Դավիթ Միրոյանի տարբերակը։ Երգը, նրանց մոտ, ձեռք է բերել բիթային, ժամանակակից հնչողություն՝ պահպանելով իր արմատային կառուցվածքը։
Այս Երգխոսությունը Խմբի անդամներ Սոնա Սիլվերի, Առնի Ռոքի և Հայկ Ապրիկոտայի հետ է։
Երբ սիրո ցավը դառնում է երգ, իսկ սպասումը՝ մեղեդի, ծնվում է մի ամբողջ աշխարհ՝ փխրուն, խորաթափանց, անկեղծ։ Եվ հենց այդ աշխարհից է գալիս համշենական «Քիսմեթ»-ը, ղսմաթը, կամ արևելահայերեն տարբերակով՝ հաջողությունը։
Այս երգում սերը չի ճչում, այն երգվում է կամաց, աչքերի լեզվով։ Այստեղ սերը չի խոստանում մեծ բաներ՝ պարզապես ասում է. «Հարսանիքը հետո կանենք…», որովհետև կարևորը՝ հիմա սիրելն է։ Սիրո այս տեսակը համարձակ, անձնվեր ու մի քիչ ցավոտ է։
Հենց այս զգացողություններն են բերում մեզ այսօրվա երկու տարբեր կատարումները՝ մեկը՝ խոնարհ ու հոգեթով, մյուսը՝ հոսող, խաղացող ու ժամանակակից։ Առաջինը՝ Վազգեն սարկավագի կատարումն է։ Վազգենի ձայնային մեկնաբանությունը կարծես մի պատմություն է մարդու մասին, որ սպասում է, սպասում է սիրո, միևնույն ժամանակ գիտի՝ այդ սերը կարող է երբեք էլ չգա, բայց նա չի դադարում սիրել։ Մյուս տարբերակը՝ Էթնո Քալըրս խմբի մեկնաբանությունն է։ Նրանց մոտ «Քիսմեթ»-ը միանգամայն այլ երանգ ունի։ Դա նույն պատմությունն է, բայց մի ուրիշ ժամանակագրությամբ՝ ռիթմով, խաղով։ Այս կատարման մեջ երգը զրկված չէ զգացմունքայնությունից, բայց կրում է ներկայի շունչը։ Այստեղ էլ կա կարոտ, այստեղ էլ կա սեր, բայց սա այն տեսակն է, որ ասում է՝ «արի պտտվենք աշխարհով, երգելով թռվռանք սար ու ձոր»։ Այս տարբերակը կենսախինդ է, կենսատու, հիշեցնում է, որ նույնիսկ ցավը կարող է երգել ու ապրեցնել։
Գուցե այս երգի իրական ուժը հենց այս բազմաշերտության մեջ է, որովհետև «Քիսմեթ»-ը ոչ միայն բախտի, այլև սրտի երգ է, սիրտն էլ հազար ձև ունի խոսելու։ Իսկ մենք կերգխոսենք Վազգեն սարկավագի և Էթնո Քալըրս խմբի մենակատար Սուսաննա Նաջարյանի հետ։
Հիշողություններ, սեր, արվեստի ու երիտասարդ խենթության համադրություն։ Շառլ Ազնավուրի «La Bohème»-ը ստեղծագործություն է, որն իր մեջ կրում է մի ամբողջ սերնդի ապրածը, ձգտածն ու կորցրածը։
Ազնավուրը գրել է այս երգը 1965 թվականին՝ ներկայացնելով իր երիտասարդ տարիները՝ սոված, բայց երջանիկ, աղքատ, բայց սիրով ու արվեստով լի։ «La Bohème»-ը ծնվել է բեմի համար, բայց մնացել է ժամանակի թելը բռնած՝ իր պարզ, անկեղծ պատմությամբ՝ մի նկարչի ու իր բնորդուհու սիրո մասին։
«La Bohème»-ը ժամանակի հետ ոչ միայն չմարեց, այլ շարունակեց հնչել՝ նոր ձայներով, նոր բեմերում։ Շառլ Ազնավուրից հետո այս երգը կատարել են բազմաթիվ միջազգային աստղեր՝ յուրաքանչյուրը հաղորդելով իր սրտի հնչերանգը։ Միրեյ Մաթյեն՝ իր նրբագեղությամբ, Փլասիդո Դոմինգոն՝ օպերային հզորությամբ։ Իսկ վերջին տարիներին այն նորովի բացահայտեց ֆրանսիացի երգչուհի Zaz-ը՝ դուդուկի նվագակցությամբ հենց Երևանում՝ խորհրդանշական կերպով վերադարձնելով երգն իր արմատներին։
Հայերեն տարբերակի հեղինակը և առաջին կատարողներից մեկը եղել է Պերճ Թյուրաբյանը՝ զգայուն ու տողատակեր պահած մատուցմամբ, որի ձայնով էլ երգը հայտնի դարձավ հայ լսարանին։ Ավելին՝ հենց Ազնավուրը լսել է թարգմանությունն ու հավանել այն։
Տարիներն անցնում են, բոհեմն ու բոհեմական շնչով լցված երգը շարունակում է մնալ ոչ միայն փարիզյան փողոցնորում, այլև բազում ժամանակակից արտիսների երգացանկում։
Այս էպիզոդում երգխոսելու ենք Հայկ Պետրոսյանի և Արմեն Դոլինյանի հետ, որոնք նույնպես նոր կյանք են տվել այս երգին՝ և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն տարբերակներով։
«La Bohème»-ը վաղուց դադարել է լինել միայն երգ։ Այն հիշողություն է՝ մի ամբողջ սերնդի, ցավի, և երազանքների մասին, որ վերածվել է երաժշտության։
Երբեմն ստեղծվում են երգեր, որոք դառնում են ոչ թե պարզապես երաժշտություն, այլ ժամանակի, կարոտի ու ներսից հոսող լռության թարգմանիչ։ Այդպիսի մի երգ է՝ «Ոչինչ չի մնան»։
Այս երգը ծնվել է Վարդան Զադոյանի բառերից, որոնք հնչեցին Հայկոյի զգացմունքային, ցավով ու անկեղծությամբ լի կատարմամբ։ Բայց դա միայն պահ չէր․ այս երգը ապրեց, վերապրեց և շարունակում է իր ուղին մինչ այսօր։
Ի սկզբանե այն պատմում է կորստի մասին։ Ոչ միայն մարդու կամ սիրո, այլև հավաքական էմոցիաների կորստի, այն պահի մասին, երբ նայում ես շուրջդ ու քո ներսում չես գտնում ոչ մի հենարան՝ բացի հիշողությունից։ Երգը քայլում է ցավի միջով՝ ընդունելով, որ երբեմն, իսկապես, ոչինչ չի մնում։
Բացի սրտի խորքից հնչող բառերից ու երաժշտական մաքրությունից, երգը լայն հանրությանը ծանոթ դարձավ նաև նույնանուն՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի շնորհիվ։ Երաժշտությունը դարձավ ֆիլմի առանցքներից մեկը՝ միախառնվելով հերոսների ապրումների, հարաբերությունների փլուզման ու վերագտնելու փորձերի հետ։
Այսօր՝ տարիներ անց, երգը հնչեցում է նոր ձայնով։ Այս էպիզոդում Վարդան Զադոյանի՝ «Ոչինչ չի մնա» երգի խոսքերի հեղինակի և երգչուհի Կարինա Առուստամյանի հետ կերգխոսենք երգի ծննդի, դրա ճանապարհի, և նոր մեկնաբանության մասին։ Ինչու՞ են որոշ երգեր շարունակում ապրել, փոխվել, նորովի բաբախել՝ առանց կորցնելու իրենց էությունը։
Զուրփիչինէի աղջիկները կարմիր գուլպա են հագնում, մեզ տեսնելուն պես՝ փախչում անտառն ի վերև։ Բայց այդ փախուստը վախի նշան չէ, այլ խաղ, պար, աննկատ ժպիտ։ Այդ շարժման մեջ թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լեզու, որով քչերն են խոսում, երգ, որը քչերն են հիշում, և զգացում, որն անընդհատ փնտրում է նոր ձայն։
«Զուրփիչինէ Ախչքէնին» երգը ծնվել է Սևծովյան լեռներում։ Այս երգը գրի առնված չի եղել, չի ունեցել հեղինակի ստորագրություն, փոխարենը այն շարունակել է ապրել՝ մոր հուշերից որդուն, հարսանեկան պարից՝ քարքարոտ արահետ։
Եվ երբ թվում էր, թե այդ մեղեդին կփակի իր վերջին ակորդը անցյալում, հայտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին ոչ թե վերարտադրել, այլ վերապրեցնել երգը։ Եվ հենց այդ վերապրումից են ծնվում նոր տարբերակները՝ մեկում՝ ռոքային ռիթմի մեջ հզոր վոկալով, մյուսում՝ ֆրանսիական հնչյունների շնչով։ Այդ տարբերակները ոչ թե փոխարինում են հինը, այլ ընդլայնում են դրա տարածքը՝ դարձնելով այն հասանելի նոր լսողներին։
Այս Երգխոսությունը Սևադա Համբարչյանի՝ «Կաթիլ» խմբի մենակատարի և Գոռ Թադևոսյանի՝ «Ջինջ» խմբի համահեղինակի հետ է։
Մենք կխոսենք ոչ միայն «Զուրփիչինէ Ախչքէնին» երգի մասին, այլև՝ այն տարածության, հիշողության ու զգացողության, որը ծավալվում է այդ երգի մեջ։ Ինչպես է հնարավոր հնին տալ նոր երանգ՝ առանց խզելու կապը արմատի հետ։ Ինչու են համշենական երգերն այսօր էլ ավելի արդիական դառնում, և ինչպես է կարմիր գուլպայի մասին հին մեղեդին դառնում նոր հաղորդագրություն։
Պահպանված այս տարբերակը՝ Ավագ Սահակյանի, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ
Երբ երգը ծնվում է հողի վրա՝ ոչ թե բեմի, այլ դաշտի, ոչ թե ստուդիայի, այլ ճախրանքում, այն այլ բան է պատմում իր լսողին։ Դրանք այն երգերն են, որոնք գրչով չեն գրվել, այլ՝ հիշողությամբ, հնչել են՝ առանց ձայնային էֆեկտների, բայց ուժով, խորությամբ, ցավով ու հույսով։ Այդ երգերը «հողին կպած» են՝ բառի ամենախոր իմաստով։
Այս էպիզոդում խոսում ենք հենց այդպիսի երգերից մեկի՝ «Ախ տնավեր»-ի մասին։ Երգ, որ միաժամանակ անձնական է և հավաքական, հայրենասիրական ու անձի տրտմանքի մասին, կարոտի, սպասման ու կորստի։ Մենք փորձելու ենք բացահայտել՝ ինչու է այս երգը այսօր նորից մեզ գտել, ինչու ենք ուզում այն կրկին երգել ու լսել, ու ինչու է կարևոր՝ չմոռանալ այս մեղեդիները։
Սաղսարա նախագծի հեղինակները շրջել են գյուղից գյուղ, դռնեդուռ՝ հավաքագրելով հին հայկական ժողովրդական երգեր։ Նրանք ձայնագրել են մարդկանց, ում հիշողությունը ավելի հարուստ է, քան ցանկացած արխիվ և հատոր։
Նրանց շնորհիվ այնպիսի երգեր, ինչպիսին «Ախ տնավեր»-ն է, նորից հնչում են՝ վավերագրական ճշգրտությամբ, բայց նաև արվեստի կենդանի շնչով։
Այս երգխոսությունը Սաղսարա նախագծի պրոդիուսեր Անուշ Քոչարյանի և երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ է։
Բնության շունչը, կարոտի նուրբ թրթիռը, սարերով դարդերին դարման գտնելը և հոգու խոնարհ սպասումը՝ մի երգի մեջ։
«Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը հայ երաժշտական ժառանգության մեջ առանձնանում է որպես առաջին գեղջկական երգերից մեկը, որը գրի է առել Կոմիտասը։ Երգը մարդու և բնության ներհյուսված պատմություն է՝ քամու պես մեղմ և ազատ։
Այս երգխոսությունը մեզ տանում է սարեր, որ հով անեն, մեր դարդին դարման անեն։
«Կամար» երգչախմբի խմբավար Անահիտ Պապայանը պատմում է Մակար Եկմալյանի մշակման մասին։ Ինչպես են հնագույն մեղեդիներն այսօր վերապրում նոր ձայների բազմաձայնությամբ, և ինչու է այս երգը շարունակում գրավել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սրտերը։ Էթերի Հովհաննիսյանը՝ նորաստեղծ «Կարա լինի» խմբի քանոնահարն ու երգչուհին, իր խմբի հետ ներկայացրել է այս երգի միաձուլումը ժամանակակից երաժշտության հետ։ Ինչպես են համադրվում հազարամյակների մեղեդիները և մերօրյա ռիթմերը, ու արդյո՞ք սա երգի իրական տարբերակի կորուստ է, թե՝ բացահայտում նոր սերնդի համար։ Քամանչահար Աշ Ղազարը «Հով արեք, սարեր ջան»-ը կատարել է իմպրովիզացիոն լայվ ձևով՝ բացահայտելով մարդու և բնության աշխարհը երգի միջոցով։
Երգի բառերն ինքնին պատկերասրահ են, որում լեռները, քամին ու սրտի խռովքը խառնվում են իրար՝ ստեղծելով անջնջելի պատկերներ։ Այս Էպիզոդում կպատմենք ոչ միայն երգի պատմությունը, այլև նրա ներկան․ ինչպես ենք մենք այսօր լսում ու հասկանում այն, ինչպես են երգը կատարել գյուղական լեռնահովտում՝ դարեր առաջ, արդյո՞ք այս երգը դեռ կարող է դառնալ մեր ներքին երգխոսության մի մասնիկ։
Ամեն անգամ երբ հնչում է «Գարուն ա» երգը, ինչ-որ բան սրտում շարժվում է. կարծես մեղեդին ոչ միայն երգ է, այլ հիշողություն, որով անցյալն ու ներկան հանդիպում են առանց բառերի։
Այս երգը շատերի համար վաղուց արդեն սոսկ երաժշտություն չէ։ Այն ասոցացվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի հետ, թախծի, լռության ու հոգու խռովքի հետ։ Սակայն երգը՝ Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ, իրականում սիրային է՝ գարնան, սիրո, սպասման ու քնքշանքի մասին։ Գարունն այստեղ պարզապես եղանակ լինելուց զատ դառնում է հոգեվիճակ ՝ զարթոնքի, ապրելու ու սիրելու խորհրդանիշ։
Եվ հենց այս բազմաշերտության վրա էլ կառուցվում է մեր երգխոսությունը։
Կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանը բացահայտում է, թե ինչպես է Կոմիտասը այս երգով միավորել իր հոգևոր և գիտական որոնումները։ Երգի ժամանակակից կատարումներն արդեն վաղուց դուրս են եկել ակադեմիական սահմաններից։ Արթուր Աթայանը՝ Ցայգ խմբի ղեկավարը, պատմում է՝ ինչու որոշեցին երգին հաղորդել նոր շունչ, ինչու չեն վախեցել էլեկտրոնային ու ռոք տարրերից, ու ինչպես են պահել երգի ամբողջական մեղեդին՝ չխախտելով դրա էությունը։ Իսկ Հայկ Դարբինյանի պատմությունը բոլորովին այլ է։ Նա պրոֆեսիոնալ երգիչ չէ, և հենց այդ պատճառով էլ նրա կատարումը զարմանալի անկեղծություն է կրում։ Նրա համար «Գարուն ա»‐ն կապված է անձնական հուշերի, սիրո,ներքին խաղաղության հետ։
Ու այս զրույցը՝ Տաթևիկի, Արթուրի ու Հայկի հետ,ևս մեկ անգամ կհամոզի բոլորիս, որ «Գարուն ա»‐ն երբեք նույնը չէ։ Ամեն անգամ այն ուրիշ գարուն է, ուրիշ սեր, ուրիշ հույզ։
Այս երգը, անցնելով սերնդեսերունդ, հասել է նաև մեզ։ Չնայած տարբեր խմբերի ու կատարողների վերամշակած տարբերակներին, մի բան մնում է անփոփոխ՝ երգի հայկական շունչը։ Ինչպես շատ այլ ժողովրդական երգեր, սա ևս չի կորում ժամանակի, նոր մոտեցումների ու տեխնոլոգիաների մեջ, քանի որ շարունակում է խոսել մեր ազգային արմատների մասին։
Այսօր կքննարկենք, թե ինչպես է այս երգը մինչ այսօր հետաքրքրում երաժիշտներին ու ինչպես են նրանք այն տեղափոխում ներկա ժամանակներ՝ չկորցնելով դրա ազգային շունչը։
«Էս գիշեր, աշնան գիշեր»–ի մասին երգխոսում ենք Կաթիլ խմբի թմբկահար Գրիգոր Դավթյանի և Շուշիկի բենդի երգչուհի Թամարա Աթանեսյանի հետ։
Նրանք կպատմեն իրենց բենդերի մոտեցումների, այս երգի հետ կապվածության ու դրանց նշանակության մասին։
Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը:
Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղել է մի մոլորված դրախտ, որին ձգտել են հայոց սերունդները, մի տարածություն, որտեղ ձևավորվել է հայկական մշակույթը, պետականությունը, կյանքը:
Հենց այս երազային, բայց ցավոտ զգացմունքն է, որ դարձնում է «Կիլիկիա»-ն ոչ միայն երգ, այլև հուշարձան՝ հայ երաժշտական մշակույթում: Յուրաքանչյուր կատարող դրան տվել է իր յուրահատուկ շունչը, ձևավորելով նոր դարաշրջան «Կիլիկիա»-ի համար:
90-ականների վերջերին Զարուհի Բաբայանի կատարմամբ երգը ստացավ հոգեպարար, աղոթքի նմանվող նրբություն, մինչդեռ Արա Գևորգյանի մշակմամբ այն վերափոխվեց էպիկական, սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հագեցած նվագախմբային հնչողությամբ: The Beautified Project-ի ռոքային մոտեցումը երգին հաղորդեց նոր ուժ ու ժամանակակից զգացողություն:
Այս Երգխոսությունը Զարուհի Բաբայանի, Արա Գևորգյանի և The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ է, հասկանալու ենք, թե ինչպես են նրանք յուրովի մեկնաբանել այս ստեղծագործությունն ու ինչու է այն մինչ այսօր պահպանում իր տեղը յուրաքանչյուր հայի հոգում:
Սովետական և հետսովետական շրջանում երաժշտական բազմազանությունը սահմանափակ էր, անհասանելի մեծ զանգվածների համար։ Հատկապես՝ ռոք, էլեկտրոնային ու այլ ալտերնատիվ ժանրերի ստեղծագործությունները հասանելի էին միայն նրանց, ովքեր կա՛մ արտերկրում կապեր ունեին կամ հատուկ ջանքեր էին գործադրում նման երաժշտություն գտնելու համար։
Մենք փոդքասթի ժամանակ անդրադառնում ենք երգերին, որոնք հնչել են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն հաճախ չենք պատկերացնում, թե ինչ դժվարությունների միջով են այդ երգերը հասել մարդկանց։ Հենց այդ տարիներին Երևանում կային մարդիկ, ովքեր ոչ միայն կարողանում էին լսել այս ժանրերը, այլև դրանցով ապրում էին։
Մելոմաններ, որոնք դուրս էին գալիս սահմանված շրջանակից ու ձևավորում նոր երգացանկ։
Հենց այդ մթնոլորտում 90-ականներին ստեղծվեց Հայ FM-ը, որի եթերում երաժշտության համար բացեց բոլորովին նոր հորիզոններ։ Մելոմաններ, ովքեր դեռ ավելի վաղ տարված էին ալտերնատիվ երաժշտությամբ, ռադիոընդունիչից մարդկանց փոխանցեցին ոչ միայն ռոք այլև էլեկտրոնային երաժշտություն, ալտերնատիվ ու ջազային ստեղծագործություններ։ Նրանք ռադիոլսողին տվեցին նոր երաժշտական ընտրության հնարավորություն, ընդլայնեցին մարդկանց երաժշտական գիտակցությունն ու բացահայտեցին այն, ինչ մինչ այդ անհասանելի էր թվում։
Բայց երկար չխոսենք՝ եկեք երգխոսենք։ Ալիսա Քալանթարյանի և Արամ Չախոյանի հետ մենք բացելու ենք երաժշտության այն էջերը, որոնք փոխեցին մեր երգխոսելու պատմությունը։
«Ne me quitte pas» Հայերեն թարգմանությամբ՝ ինձ մենակ մի թող։
Երգը բոլոր ժամանակների ամենանշանավոր ֆրանսիական ստեղծագործություններից մեկն է, որը գրել և կատարել է բելգիացի երգիչ-երգահան Ժակ Բրելը 1959 թվականին:
Երգը զգացմունքային բալլադ է կոտրված սրտի, կորստի և հուսահատության մասին, որը հաճախ մեկնաբանվում է որպես տղամարդու խնդրանք՝ ուղղված սիրելիին, որ չլքի իրեն: Երգերում օգտագործվում են բանաստեղծական պատկերներ՝ հղում կատարելով բնությանը՝ հրաբուխ, գետեր, անձրև, լույս՝ խորհրդանշելու հավերժական սերն ու նվիրվածությունը:
«Ne me quitte pas»-ն դ կատարվել է տարբեր լեզուներով և բազմաթիվ արտիստների կողմից՝ ներառյալ Նինա Սիմոն, Ֆրենկ Սինատրա, Սելին Դիոն և Սթինգ :
Քիչ չեն նաև երգի հայերեն տարբերակները։ Լիլիթ Բլեյանը երգը թարգմանել է հայերեն և կատարել այն՝ վերանգրելով «Չթողնես երբեք»։ Իր տարբերակում նա պահպանում է օրիգինալ երգի խորը հուզականությունն ու բանաստեղծական պատկերը` միաժամանակ ներկայացնում պատկերները հայերեն գեղեցիկ բառամթերքով:
Մեկ այլ մինիմալիստական հնչողություն ունի Աննա Դանիելյանի կողմից կատարված տարբերակը։
Այս թարգմանությունից ոգեշնչվել են մի շարք կատարողներ, որոնցից է Միքայել Ոսկանյանը, ով ոչ միայն ներկայացրել է երգի հայերեն տարբերակը, այլև վերամշակել ժամանակակից հիանալի գործիքավորմամբ։
Դե, չթողնեք մեզ, քանի որ մեր երգխոսությունը այս անգամ Միքայել Ոսկանյանի և Լիլիթ Բլեյանի հետ է, նաև երգչուհի Թամարա Մխիթարյանի, որը չնայած դեռ չի կատարել երգը, ունի խորը զացմունքային կապ այս երգի հետ, ինչի մասին կպատմի մեզ։
«Զար զնգան» հայկական ժողովրդական երգ է, որը դարերի ընթացքում դարձել է ազգային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Այն առանձնանում է իր մեղեդային դինամիկայով և պարային ռիթմով։
Երգի ստեղծման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն ձևավորվել է դեռևս 19-րդ դարում կամ ավելի վաղ։
Երգը տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Կիլիկիայում, Վանում, Մուշում, Սասունում, որտեղ այն հնչել է տոնակատարությունների, հատկապես՝ հարսանեկան արարողությունների ժամանակ։
«Զար զնգա» երգն ունի աշխույժ և հնչեղ մեղեդի, որը հիմնված է ժողովրդական հայկական երաժշտության ավանդական սկզբունքների վրա։ Այն ներառում է կրկնվող, հեշտ հիշվող երաժշտական ֆրազներ, որոնցում նկատելի են հայկական ժողովրդական մեղեդիներին բնորոշ զարդարանքներ։
Տարբեր երաժիշտներ ու ժողովրդական խմբեր վերամշակել են երգը՝ այն ներկայացնելով նոր գործիքավորմամբ ու ոճերով։ Օրինակ Թմբաթա խումբը, որը երգը ներկայացրեց նորովի մշակմամբ։
Երգի ալտերնատիվ մշակումներից է Գրգորգ Քարտաշյանի և Արմեն Գրիգորյանի՝ Սոքոյի, էլեկտրոնային տարբերակը։
Այս երգխոսությունը Թմբաթա խմբի ղեկավար Արիկ Գրիգորյանի և Սոքոյի՝ Արմեն Գրիգորյանի հետ է։
Սիրո հասակ երգը գրել է Ալեքսանդր Աճեմյանը 1980-ականներին։ Այն առաջին անգամ կատարել է Գեորգի Միասյանը հեղինակի որդու՝ Վարդան Աճեմյանի հարսանիքին։
Երգն իր պարզ խոսքերով, բայց վառ լիցքերով դարձավ երիտասարդների սիրո խորհրդանիշ՝ լի հույսով և քնքշությամբ։ Այն գեղեցիկ կերպով պատմում է զգացմուների մասին, որ ապրում էին երիտասարդների սրտերը՝ գարնան բացվելուն պես։
Երգի ձայնագրմանը մասնակցած առաջին երաժիշտներից է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ով, ի դեպ, նպաստել է երգի ինքնատիպ հնչողության ձևավորմանը։ Երգը շատ արագ հանրաճանաչություն ձեռք բերեց՝ դառնալով սիրելի մեղեդի շատ ունկնդիրների համար, որոնք տողերի և նոտաների արանքում գտան իրենց սիրային պատմությունների նկարագրությունները:
Այնուամենայնիվ, եթե երգը մնար բացառապես 80-ականներում, տխուր կլիներ, և կդառնար միայն անցյալի նոստալգիկ մասնիկ: Բարեբախտաբար, սիրո թեման հավերժական է, այն էլ գարնանն արթնացող սիրո։
«Սիրո հասակը» ներկայացվել և վերաիմաստավորվել է տարբեր արտիստների կողմից, յուրաքանչյուրն իր տարբերակով տվել է երգին նոր գույներ։ Արամ MP3-ն թարմ, ժամանակակից շունչ հաղորդեց երգին՝ պահպանելով դրա խորը զգացմունքային և նոստալգիկ տրամադրությունը:
Fairwind ռոք խումբը նույնպես ներկայացրեց երգը՝ այն մենկաբանելով իրենց բնորոշ ձայնով և էներգիայով: Նրանց տարբերակը կրում էր ավելի դինամիկ, գրեթե ըմբոստ ոգի, որն արտացոլում էր մեր օրերում սիրո արտահայտման մեկ այլ տարբերակ:
Այժմ, տարիներ անց, երգը շարունակում է իր ճանապարհը՝ կապելով միմյանց սերունդներն ու երաժշտական ոճերը։ Այս Երգխոսությունը Արամ MP3-ի, Fairwind խմբի թմբկահար Տիգրան Խաչատրյանի և Երվանդ Երզնկյանի հետ է։ Միասին կլսենք և կապրենք սիրո տարբեր հասակները։