Գնում ենք գիշերային երկինքը դիտելու։
Այս էպիզոդում միացել եմ աստրոտուրեր կազմակերպող Սփեյս42 նախաձեռնության գիշերային թափառումներին։ Նրանց օգնությամբ ես գտա իմ կյանքի ամենաաստղազարդ գիշերային երկինքը, իսկ նախաձեռնության համահիմնադիր Վաչիկ Խաչատրյանն ինձ համար բացեց գիշերային երկնքի գիտական կողմը։
Երբ քաղաքը հագնում է իր մթության թիկնոցը, երևանյան ցերեկային կոլորիտի մաս դարձած` Մոսկվայում բիզնեսներ ունեցած, տաքսու վարորդները տեղը զիջում են անքնություն ունեցող երիտասարդներին: Նրանք սիրում են գիշերային քաղաքում տաքսի վարել ու ականատես լինել մթության մեջ թաքնված իրադարձություններին: Այս էպիզոդում չեմ քնել ու տաքսու վարորդ Արսենի հետ շրջել եմ գիշերային քաղաքով:
Պինդ բռնվիր, գնում ենք գիշերային թափառումների` մոտոցիկլով: Սրտի զարկերը կուժեղանան, գուցե բղավեք, բայց հետո վախը տեղի կտա, ու արագության միջով կվայելեք գիշերային քաղաքը: Այս էպիզոդը գիշերներն արթնացող բայքերական մշակույթի մասին է:
Ինչպիսի՞ն է գիշերը թանգարաններում: Իմ գիշերային թափառումներն այս անգամ Իմ ռադիոյի թիմի հետ են: Գնացել ենք Սուրենյանի «Սալոմե»-ին տեսնելու ու փնտրելու ամենագիշերային թանգարանային նմուշները:
Նկարե՞նք գիշեր․ նկարչության ու գիշերվա կապի մասին պատմում է ամեն ինչ մանուշակագույն տեսնող նկարչուհի Նանա Արամյանը։ Նանայի հետ շրջել ենք նրա արվեստանոցում, սուրճ խմել, խոսել գիշերվա մասին ու նկարել մեր կանաչ–մանուշակագույն գիշերը։
Սպորտային գիշեր. Արի այս անգամ մարդաշատ ու աղմկոտ գիշերները փոխարինենք խաղաղ գիշերով: Հագիր սպորտային կոշիկներդ, դիր ականջակալներդ, միացրու Գիշերային փոդքասթն ու միացիր մեր գիշերային վազքին: Մերի Մուրադյանը գիշերային ժամերին վազելու մեծ փորձ ունի ու մեզ կպատմի դրա բոլոր առավելությունների մասին:
Ի՞նչ կապ կա գիշերվա առեղծվածային խավարի ու երգերի մեջ։ Ամենագիշերային երգչուհու` Սյուզի Սիրակի հետ գնացել եմ իրենց գիշերային փորձին, հետո գիշերային համերգին: Սյուզին պատմել է, թե ինչպես են իր երգերը ստեղծվում մթության ու լուսնի լույսի մեջտեղում:
Գիշերային զարմանք․ էլեկտրոնային երաժշտությամբ լցված երկար գիշերվանից հետո` գիշերը ժամը 4-ին, պարզվեց, որ կան նաև արտույտ դիջեյներ: Գիշերվա ու դիջեյների կապի մասին պատմել են երաժիշտներ արտույտ Socko-ն ու բու Moon's voyager-ը:
Ի՞նչ են անում մարդիկ դրսում կեսգիշերից հետո, ու՞ր են նրանց տանում մութ ճանապարհները: Գիշերային գաղտնիքների մասին ինձ պատմում են փողոցում հանդիպած անծանոթները` գինովցած ընկերներից մինչև դրսում գիշերող մարդիկ:
Ինչպե՞ս են անցնում գիշերային կարաոկեները Երևանում։ Սփոյլեր՝ խառը երգերով, շատ աղմկոտ ու անկանխատեսելի։ Գիշերային երգերից մինչև գիշերը երգել՝ այս էպիզոդում երևանյան կարաոկե մշակույթն է։
Էմիլը 15 տարվա բարմեն է, բայց կյանքում առաջին անգամ է գիշերային կոկտեյլ պատրաստում։ Գիշերները բարի հակառակ կողմից դիտող Էմիլը պատմում է այնտեղ թաքնված գաղտնիքների, վախերի ու ազատության մասին։
Ռեժիսոր Գևորգ Ասիլյանի կարծիքով գիշերային կինոդիտման ժամանակ ֆիլմի իմաստն ավելի լավ ես հասկանում։ Դրա համար միասին ուշ գիշերով գնացել ենք կինոթատրոն նոր ֆիլմ դիտելու ու բացահայտելու գիշերվա կինեմատոգրաֆիկ կողմը։