Ինչ ունի սկիզբ, այն ունի ավարտ:
4 ամիսների ընթացքում մենք ամեն երկուշաբթի «Հաղթանակ լույսերի քաղաքում». Փարիզ-2024 հաղորդման շրջանակում ձեզ ծանոթացերել ենք մեր օլիմպիական հավաքականի մարզիկների հետ: Այսօր նրանք արդեն Փարիզում են, իսկ մեզ մոտ տպավորությունները եղել են տարբեր, սակայն կան զրույցներ, որոնք մեծ հուշեր են թողել մեր մտքում:
Վերջին էպիզոդում առանձնացրել ենք դրանցից մի քանիսը ու կիսվել դրանցով:
Օլիմպիական խաղերին մնաց 10 օր
«Սպորտի թագուհին» չէր կարող մնալ առանց հայ մասնակցի:
Երվանդ Մկրտչյանը գնում է իր առաջին Օլիմպիական խաղերին: Նա անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում, իսկ հիմա գնում է «Լույսերի քաղաք» օլիմպիական մեդալի հետևից:
Հետևեք մեր հերոսի ամենագեղեցիկ ընթացքին և միասին աջակցենք նրան այս կարևոր ճանապարհին:
Վստահաբար, երբ խոսում եք որևէ սպորտաձևի մասին, միանգամից ձեր մտքում գալիս է Կարեն Գիլոյանի փառահեղ ձայնը. Այն ձայնը, որը բազմիցս ամբողջ աշխարհի էկրաններին բարձրաձայն հնչեցրել է հայ չեմպիոնների անունները: Նրան կարելի է անվերջ հարցեր տալ ու լսել մաթեմատիկական օրենքների նման հստակ պատասխանները: Նա նպաստել և շարունակում է օգնել հայկական սպորտի զարգացմանը։
Օլիմպիական խաղերին մնաց 23 օր
Վարսենիկ Մանուչարյանը գնում է իր երկրորդ Օլիմպիական խաղերին: Նա տարիներ շարունակ ապացուցել է իր նվիրվածությունը լող մարզաձևում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ: Այժմ պատրասվում է քառամյակի մարզական ամենակարևոր իրադարձությանը բարձրացնել Հայաստանի դրոշը:
Օլիմպիական խաղերին մնաց 31 օր Հայ մարզիկները Օլիմպիական խաղերում ունեն հարուստ պատմություն: Հռիփսիմե Խուրշուդյանը այդ մարզիկներից մեկն է: Նա համառության ու աշխատասիրության վառ օրինակ է: Հայ ծանրորդը իր պատմությունն է գրել Օլիմպիական խաղերի էջերում: Իր անձնվեր աշխատասիրությամբ և ամուր կամքով ապացուցել է, որ ուժը ոչ միայն մկաններում է, այլ նաև հոգու հաստատակամության մեջ: Հաղթանակ լույսերի քաղաքում. Փարիզ 2024-ի 9-րդ էպիզոդի հերոսը Հռիփսիմե Խուրշուդյանն է:
Օլիմպիական խաղերին մնաց 38 օր:
Լրագրողները կարևոր դեր ունեն Օլիմպիական խաղերում. նրանք են աշխարհին պատմում խաղերի զարգացումները: Գտնվելով միջոցառման կիզկետում՝ լսարանին հաղորդում են այն, ինչ հեռուստատեսությամբ տեսնել չի ստացվի: Այս էպիզոդի հերոսները Օլիմպիական խաղերը մրցասպարեզից լուսաբանած Վարվառա Հայրապետյանն ու ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցն են:
Օլիմպիական խաղերին մնաց 52 օր։
__
Օլիմպիական խաղերում ծանր վնասվածք, տարիների պայքար և քառամյանկի գլխավոր իրադարձությանը մեդալ նվաճելու նպատակ. Անդրանիկ Կարապետյանը Փարիզ մեկնող հայ 3 ծանրորդներից մեկն է: Շատ խորհրդանշական վայրում զրուցել ենք Անդրանիկ Կարապետյանի հետ ու բացահայտել ամենահետաքրքիրը: Առաջարկում ենք դուք էլ լսեք և իմանաք ավելին հայ ծանրորդների մասին:
Օլիմպիական խաղերին մնաց 60 օր
Վահագն Դավթյանի հետ մեկ անգամ շփված յուրաքանչյուր մարդ կփաստի, որ նա աշխատասիրության ու նպատակասլացության լավագույն օրինակն է: Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնը, Աշխարհի գավաթակիրը 35 տարեկանում գնում է Փարիզ, որտեղ երազանքի խաղերն են` Օլիմպիական խաղերը:
Լսե´ք Վահագն Դավթյանի հետ զրույցը, մոտիվացվեք ու գնացեք աշխարհը գրավելու :
Օլիմպիական խաղերին մնաց 67 օր։
Սլավիկ Գալստյանը գնում է իր առաջին Օլիմպիական խաղերին: Պատկերացնում եք չէ՞, թե ինչքան ոգևորված է, որքան է սպասել այս պահին: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիրը կիսվել է իր մտքերով և պատմել պատրաստվելու ընթացքի մասին: Հա, ի դեպ, չմոռանանք ասել, որ վերջում կա հարցում, որտեղ միգուցե ձեր ձայնն էլ լսեք:
Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 74 օր։
Շարունակելով մեր հենակետային մարզաձևերից մեկի մասին զրույցները, այս անգամ խոսել ենք ազատ ոճի ըմբշամարտի առաջատարներից մյուսի՝ Վազգեն Թևանյանի հետ։ Ըմբշամարտ ընտրելու, իր անվան կարևորության և Օլիմպիական խաղերի անկնկալիքների մասին էպիզոդը արդեն հասանելի է։
Օլիմպիական խաղերին մնաց 81 օր։
Արսեն Հարությունյանի անունը շարունակում է ըմբշամարտում հնչել ամենաուժեղ մարզիկների ցանկում: Եվրոպայի քառակի չեմպիոնը, Աշխարհի բռոնզե մեդալակիրը գնում է Փարիզ Օլիմպիական ոսկու հետևից:
Օլիմպիական խաղերին մնաց 88 օր։
Մեր երկրորդ էպիզոդի հերոսը Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն է, որն իր գերֆանտաստիկ թռիչքներով հասցրել է զարմացնել ամբողջ աշխարհին:
Պատրա՞ստ եք հիանալ, ոգեշնչվել, հուզվել և ուրախանալ, ուրեմն լսեք։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն առաջին մարզիկն է, որը Հայաստանից ուղեգիր է նվաճել ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի համար:
Եթե լսեք էպիզոդը, ապա 15 րոպե անց կիմանաք Օլիմպիական խաղերի ստեղծման պատմությունը նոր մատուցմամբ և, իհարկե, կծանոթանաք Էլմիրա Կարապետյանի սպորտային կյանքի արտասովոր դեպքերին ու կուլիսային պատմություններին, որոնք այլ տեղ գտնել չեք կարող։